«Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան

0
2014

Ինչպես հայտնի է Covid-19-ը հարվածեց ոչ միայն մարդկանց առողջությանը, այլև ողջ աշխարհին տնտեսությանը, մարդկությանը հասցրեց բարոյահոգեբանական ու ֆինանսական ծանր հարվածներ: Տուժեցին շատ ոլորտներ: Ծայրահեղ իրավիճակում հայտվեցին նաև մշակույթի շատ ոլորտներ, հատկապես խմբային՝ երաժշտարվեստը, թատերական արվեստը և այլն: Թե ինչպե՞ս աշխարհը կդիմակայի մարդկության դեմ այս մարտահրավերին, ե՞րբ կհաղթահարի սկսված փորձությունը և անորոշությունները դեռ որքա՞ն կտևեն, դեռևս հայտնի չէ, սակայն կան երկրներ, որոնք փորձում են ստեղծված իրավիճակին համահունչ լուծումներ գտնել և մշակութային ծրագրեր իրականացնել, ինչը թե՛ ուրախալի է, թե՛ ոգևորիչ:

Օրերս Շվեյցարիայում անցկացվեց Puplinge Classique հեղինակավոր փառատոնը, որի շրջանակներում հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Հայկական երեկո» խորագրով համերգային ծրագիրը, որի ժամանակ հայ երաժիշտներ կատարեցին հայ և այլազգի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգային ծրագրի համակարգող Անի Գասպարյանը Lavlur.con-ին hայտնեց, որ փառատոնի շրջանակում՝ 2013 թվականից ի վեր, անցկացվում է նաև «Հայկական երեկո» համերգային նախագիծ, որը շատ պահանջված է տեղի հանդիսատեսի կողմից:

Juliette Galstyan Armen Martirosyan Geneva Puplinge

Այս տարի հնչել են Կոմիտասի՝ «Կանչե, կռունկ», «Շողեր ջան», «Երկինքն ամպել է», «Ծիրանի ծառ» ստեղծագործությունները, որոնք կատարել է աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի նվագակցությամբ:

Համերգի ընթացքում հնչել են նաև հատվածներ Շտրաուսի, Դվորժակի, Ռավելի և Բիզեի երկերից: Գրիգի սոնատը դաշնամուրի և ջութակի համար նվագել են ջութակահար Լուսինե Հարությունյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երեկոյի ավարտին հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:

Այս առիթով Lavlur.com-ը հնարավորություն ունեցավ մինչև համերգն ունեցած ապրումների և համերգից հետո տպավորությունների մասին զրուցել մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանի հետ:

Տիկին Գալստյան, Covid-ը կարծես խառնել է բոլորի ծրագրերը, սակայն հուլիսի 28-ին Շվեյցարիայում հայ երաժիշտների մասնակությամբ կայացած համերգը կարծես լույս սփռեց թե՛ հանդիսատեսի և թե՛ արտիստների հոգիներում:

– Շատ դիպուկ և ճիշտ հարց եք բարձրացնում, քանի որ Covid-ը իսկապես հարված հասցրեց երաժիշտ-կատարողներին, թատրոնի դերասաններին, բալետի պարողներին, և առհասարակ բոլոր արտիստներին: Ե՛վ հոգեպես էր շատ ծանր, և՛ ֆինանսապես, որովհետև երբ օպերային դերերգի ես պատրաստվում կամ մենահամերգի ծրագրի, ամիսների աշխատանք ես կատարում: Եվ, երբ վերջում հնարավոր չի լինում դուրս գալ բեմ և կատարած աշխատանքը ներկայացնել հանդիսատեսին, հարվածը շատ մեծ է լինում: Իմ բախտն այնքանով բերեց, որ վերջին մենահամերգս տեղի ունեցավ փետրվարի 18-ին, որից ընդամենը մեկ շաբաթ հետո փակվեցին համերգային դահլիճները: Իմ շատ կոլեգաներ դեկտեմբեր ամսից մինչ օրս դեռ չեն կարողացել ելույթ ունենալ և չգիտեն՝ անգամ, սեպտեմբերից հետո ինչ են անելու: Այնպես որ հիմա ո՛չ միայն ստեղծագործական, այլև՝ ֆինանսական առումով ևս շատերի համար շատ դժվար օրեր են:

Ձեր զգացողություններն ու ապրումները համերից առաջ և դրանից հետո ինչպիսին էին: Կա՞ր արդյոք անհանգստություն:

– Ես երբեք բեմ բարձրանալու վախ չեմ ունենում: Մշտապես մեծ ուրախությամբ եմ սպասել և սպասում իմ ելույթներին, օպերային ներկայացումներին, բայց Շվեյցարիայում անցկացված Puplinge Classique հեղինակավոր փառատոնի շրջանակում «Հայկական երեկո» խորագրով համերգից առաջ միակ վախս այն էր, որ կարող է հանդիսատեսը չգալ համերգին: Մեծ համերգասրահներում հնարավոր է հանդիսատեսի միջև հեռավորություն պահպանել, իսկ ավելի փոքր դահլիճի պայմանները մտահոգիչ էին, բայց երբ տեսա, թե ինչքան հանդիսատես էր եկել, որ նույնիսկ բեմի հետևի մասում երկու-երեք շարքով աթոռներ էին ավելացրել, որ կարողանան բոլորին տեղավորել՝ դա շատ մեծ ուրախություն էր ինձ համար:

Ի՞նչ ապրումներով ներկայացաք հանդիսատեսին և ինչպե՞ս հրաժեշտ տվեցիք նրանց:

– Անկեղծ ասած, մի փոքր անսովոր էր, դիմակով հանդիսատեսի հետ շփվելը: Այդ տեսարանն ավելի շատ հիվանդանոցի տպավորություն էր թողնում: Սկզբում մի փոքր նեղվում էի այդ պատկերից, բայց հետո անցավ, քանի որ մարդկանց աչքերը բաց էին և հանդիսատեսի հետ աչքերի միջոցով կոնտակտի հնարավորություն կար: Փառք Աստծո Covid-ի ժամանակ աչքերը կամ ականջները փակելու կարիք չկա ( ծիծաղում է – Ա.Գ.) … Պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ համերգ ստացվեց, շատ փառահեղ անցավ և ցնցող տպավորություն թողեց բոլորիս վրա: Մենք կարողացանք բիս նվագել և երգել՝ լեփ-լեցուն դահլիճում, ինչը այս օրերի համար անհավատալի էր թվում:

Իսկ ի՞նչ կասեք փառատոնի մասին, քանի որ, եթե չեմ սխալվում առաջին անգամ եք հանդես գալիս այս փառատոնի շրջանակներում:

– Այն բավական հայտնի փառատոն է, և մշտապես շատ բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում, ծրագրերը շատ հետաքրքիր են լինում: Անկեղծ ասած՝ մոտ երեք տարի է ցանկանում էի մասնակցել, բայց չէր ստացվում: Նախորդ երկու տարիներին համերգներով Նորվեգիայում էի, մի տարի Չեխիայում էի, և երբեք չէր հաջողվում հուլիսին Ժնևում լինել: Այս տարի ևս նախնական պայմանավորվածություն ունեի հուլիսին Նորվեգիայում երգելու, սակայն համերգը տեղի չունեցավ և, այնպես ստացվեց, որ այս անգամ հուլիսին Ժնևում էի: Ես մեծ ուրախությամբ համաձայնեցի Վահան Մարտիրոսյանի հետ համերգին մասնակցել, քանի որ նրա հետ ելույթ ունենալը ինձ համար միշտ մեծ հաճույք է և՛ որպես դաշնակահար, և՛ որպես դիրիժոր: Ինչ վերաբերում է համերգին, այն շատ լավ էր կազմակերպված: Ներկա էին Հայաստանի դեսպանն իր ընտանիքով, հայեր, շվեյցարացիներ, ֆրանսիացիներ: Ներկայացրեցինք հայկական, ֆրանսիական, գերմանական երաժշտություն: Բոլորը շատ հուզված էին Կոմիտասի ստեղծագործությունները կատարեու ժամանակ: Ես ինչքան էլ Կոմիտասի գործեր եմ կատարել, տեսել եմ, որ օտարազգի հանդիսատեսը մեծ հուզմունքով է այն լսում:

Եվ հետաքրքրին այն է, որ առանց երգի բառերը հասկանալու, սկսում են արտասվել, դա հանդիսատեսի կողմից ինձ փոխանցվող ամենամեծ նվերն է: Այնպես որ, սա իմ առաջին ելույթ էր փառատոնի շրջանակներում և ես շատ ուրախ եմ, որ կարողացանք համագործակցել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շատ լավ կազմակերված և գեղեցիկ համերգի համար, որն անցկացվեց Covid-ով պայմանավորված այս դժվարին ժամանակամիջոցին: Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին և Անի Գասպարյանին, որը շատ-շատ մեծ աշխատանք է կատարում այդ փառատոնի շրջանակներում հայ երաժիշտներին և հայկական երաժշտությունը ներկայացնելու հնարավորություն ստեղծելու համար: Եթե հաջորդ տարի Ժնևում լինեմ, կրկին մեծ սիրով կմասնակցեմ այս փառատոնին:

Հ.Գ.

Նշենք նաև, որ աշխարհահռչակ երգչուհի, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը Ժնևի կոնսերվատորիայում ամբիոնի վարիչ է և դասավանդում է: Covid-յան երեք ամիսների ընթացքում ստիպված է եղել առավոտյան 10-ից մինչև երեկոյան 7-ը առցանց վարել դասերը, որ ուսանողները կարողանան ավարտել ուսումնական տարին: Ու թեև նրա ուսանողները այդ եղանակով դասերից ևս կարողացել են բավականին առաջընթաց արձանագրել, բայց, այդուամենայնիվ հեռավար դասավանդումը երգչուհու համար խիստ տանջալի է եղել, քանի որ, իր խոսքով՝ դասասենյակում դասավանդելու հաճույքը բոլորովին այլ է:

«Նախկինում դասասենյակում դասավանդելու հաճույքը չէր ընկալվում, բայց, կարծես նախկինը կրկնակի գնահատանքի է արժանի և այդ ամենից հետո մարդկանց դեմքին նայելը մեծագույն հաճույք է ինձ համար: Կենդանի շփման կարևորությունը կրկին ընդգծվեց, քանի որ մի անսովոր քաղցր պահ կա դրա մեջ: Եվ, եթե նախկինում նորմալ էր, որ հանդիսատեսը պետք է տոմս կգնի և գա համերգ լսելու, հիմա մտավախություն կա՝ արդյո՞ք կգան, թե՞ ոչ, ինչն անսովոր ապրումներ է երաժշտի համար…» ,- զրույցի վերջում անկեղծացավ երգչուհին:

 

Արմինե Գրիգորյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here