ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՄԱՍԻՆ

0
582
Gospel, 1262  Scribe, Artist- miniaturist: Toros Roslin W.539 Walters collection
Gospel, 1262 Scribe, Artist- miniaturist: Toros Roslin W.539 Walters collection

Գրային համակարգի՝ առայժմ մեզ հայտնի ամենահարմար ձևը այբբենականն է՝ ի տարբերություն մյուսների՝ պատկերագրերի, գաղափարագրերի, բառագրերի, վանկագրերի, բաղաձայնագրերի ևն։ Այբուբենում գրային նշաններ կան և՛բաղաձայն, և՛ ձայնավոր հնչյունների համար, ինչը հնարավորություն է տալիս քիչ տառերով շատ բառիմաստներ արտահայտել։ Շատ դեպքերում նույն գրերից օգտվում են մեկից ավելի ազգեր, որոնք չունեն իրենց սեփականը։ Եվ սա ամենևին էլ պայամանավորված չէ նրանց լեզուների ազգակցությամբ։ Ի դեպ, 2-4 հազար էթնոսների (ցեղերի և տոհմերի, ժողովուրդների, ազգերի) դասակարգման ձևերից մեկն էլ ըստ լեզվաընտանիքների է։ Վերջինիս մասին կխոսենք առանձին։
Հայերեն այբուբենը ազգային արժեք է, հայերի հպարտության ու պարծանքի առարկան։ Երբեմն էլ այդ հպարտությունն ու պարծանքը աղետալի ծայրահեղության են հասնում։ Ու այդ աղետալի ծայրահեղությանը փորձում են գիտական շապիկ հագցնել ու խցկել գիտական դաշտ։

Մայրենի լեզվի, ըստ այսմ և այբուբենի գերազանցությունը այլ լեզուներից ու նրանց գրային համակարգերից հատուկ է մարդկանց՝ անկախ ազգությունից։ Ամենուր կան ուսումնասիրողներ, որոնք իսկապես տքնաջան, բայց մակերեսային աշխատանք են տանում իրենց լեզուն աստվածային, մարդկության նախալեզու լինելու վարկածը (կամ բացարձակ ճշմարտությունը) հաստատելու ու տարածելու ուղղությամբ։ Նույն երևույթը կա Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում և նախկին ԽՄ գրեթե բոլոր երկրներում։ Արևմուտքում էլ է նկատվում սա, բայց ավելի մեղմ։

Մերձգիտական, կեղծգիտական նման մոտեցումները միշտ եղել են ու կլինեն։ Դրանք հետաքրքիր, բազմազան, ուրախ ու զվարճալի են դարձնում կյանքը։ Թեև երբեմն իրոք արջի ծառայություն են մատուցում ու լուրջ վնաս հասցնում հենց նույն ազգին։ Այսպիսի ծառայություններից ու դրանց հետևանքներից խուսափելու ուղին գիտության ուժեղացումն է։
Գոյություն ունեն ժողովրդական ստուգաբանություն, սիրողական լեզվաբանություն երևույթները, որ շատ տարածված են ոչ միայն մեզանում։ Սրանցով էլ հիմնականում առաջնորդվում են վերոնշյալ հետազոտողները։ Այս մարդկանց համար ամեն ինչ կարող է հարթ ընթանալ, եթե ճշմարտությունը չխաթարի գեղեցիկ հյուսված պատմությունը։

Ասում են՝ պոստմոդեռնիզմը շրջանառության մեջ է դրել ճշմարտության բացակայության մոդելը, ըստ որի ճշմարտությունը ոչ թե դժվարամատչելի կամ անմատչելի է, այլ ընդհանրապես չկա․ կան միայն մասնավոր կարծիքներ։ Դժբախտաբար, այս դեկոնստրուկտիվ նորույթը, որ միտված էր կարծրատիպերը փշրելուն ու նոր ազատության հասնելուն, հաճախ բառացի ու պարզունակորեն է հասկացվում։

Ինչ խոսք, հայոց այբուբենը համարվում է կատարյալ և այն հայոց լեզվին շատ հարմար է, որովհետև 1600 տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել։ Թեպետ, եթե երեք՝ և, օ, ֆ, ներմուծումը 11-12-րդ դարերում համարենք փոփոխություն, ուրեմն մասնակիորեն կրել է։

Հայոց այբուբենն ունի նաև թվային արժեք։ Աշխարհի շատ ժողովուրդներ գործածում են հնդկական թվանշաններ, որոնք ավելի հայտնի են որպես արաբական։ Բայց մինչև արաբները մարդիկ հաշիվ-հաշվարկ են արել, ավելին՝ մաթեմատիկա են ստեղծել ու ուսումնասիրել, իսկ ինչպե՞ս են նշել թվերը․ այո, տառերով։ Ուրեմն այբուբենները հենց սկզբից ունեցել է թվային արժեք, բայց որոշ գերհայրենասերների համար հայոց այբուբենի այդ արժեքը ուրիշ՝ աստվածային խորհուրդ ունի։
Այսօր արևելահայ միջավայրում տառանունները ընդհանուր առմամբ գործածական չեն։ Մի քանի տառերի անուններ, այնուամենայնիվ, կիրառվում են՝ Եչ, Վո, Հյուն/Վյուն։

Սովորական գործնական գրագրության դեպքում՝ դիցուք, էլեկտրական բառի ուղղագրությունը ճշտելիս, է հնչյունի համար կասենք՝ առաջինը է՝ շշաձև կամ յոթերորդ, իսկ երկրորդը՝ յէ (ե)։ Ու այսպիսով բոլորիս հասկանալի կլինի։ Սա էլ է խոսում գրերի միջոցով լեզվի հնչյունական համակարգի հնարավորինս պարզ արտացոլման ու վերարտադրման մասին․եթե լսում ենք ի, գրում ենք ի մի տառով, կարիք չունենք ասելու Ինի, ասում ենք՝ ի։

Տառանունների լայնորեն գործածությունը նկատելի թերևս միայն մասնագիտական նեղ շրջանակներում։ Միջնադարյան հայագիտության մեջ շատ ընդունված է, ասենք, դարերի թվագրումը կատարել հայերեն տառերով՝ հնդկարաբական կամ հռոմեական թվանշանների փոխարեն։ Նկատենք, որ հռոմեական կոչվող թվանշաններն էլ լատիներեն այբուբենի տառերն են։ Ինչպես վերևում արդեն տեսաք, դարերը թվագրել էի հնդկարաբականով, այնինչ, եթե հոդված գրեի միջնադարյան հայագիտական թեմայով ու մասնագիտական որևէ հանդեսի համար, 11-րդի փոխարեն կգրեի ԺԱ․, որը կկարդայինք տասնմեկերորդ, ոչ թե ժա։

Այբբենական կարգի՝ դասավորության մասին էլ գիտական բազում աշխատություններում խոսվում է։
Մերձգիտական բացահայտումները հայոց գրերի հերթագայության մասին, առ այն, թե յուրաքանչյուր տառով սկսվում է աստվածային մի բառ կամ արտահայտություն, շատ պարզ բացատրություն ունի։ Դեռևս հին հայ գրականության մեջ շատ տարածված էր ծայրակապը կամ, ինչպես ավելի ընդունված է ասել, աքրոստիկոսը։

Մեսրոպյան սկզբունքը՝ մի հնչյունին մի գիր, գործում է առ այսօր գրեթե առանց բացառության, ինչը հայոց այբուբենը դարձնում է անխոցելի։

Նաիրա Թամամյան-Դաբե
Բանասիրական գիտությունների թեկնածու

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Please enter your name here