«Մենք միայն ֆիզիկապես ենք Հայաստանից դուրս ապրում, մտքով միշտ Հայստանում ենք». Էլինա Միրիջանյան

0
626
Elina Mir

Էլինա (Լեոնորա) Միրիջանյանը մասնագիտությամբ ինժեներ է: Ընտանիքի հետ արդեն 18 տարի ապրում է ԱՄՆ-ում: Ու թեև աշխատում է որպես ինժեներ, սակայն, իր խոսքով՝ իրեն երբեք էլ ինժեների դերում չի պատկերացրել: Դեռ մանկուց Էլինան սիրել է ստեղծագործել: Հայաստանում աշխատել է որպես լրագրող: Գրել է նաև պատմվածքներ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Հայաստանում տպագրվել է Էլինայի պատմվածքների երկու ժողովածու՝ «Երբ փակվում են բոլոր դռները» և «Թևաթափ»:

Այսօր արդեն նա ստեղծագործում է արվեստի նոր՝ միքսմեդիա կոչվող ժանրում, որի շնորհիվ կյանք է պարգևում տարբեր անշունչ առարկաների, շրջապատը զարդարում իր հրաշալի գույներով ու երանգներով: Էլինայի համար ստեղծագործելը վաղուց արդեն հոբբիից վերաճել է երկրորդ, գուցեև առաջին մասնագիտության, որով նա ոչ միայն ապրում է, այլև հագեցնում հոգևոր քաղցը: Էլինան ոչ միայն ստեղծագործում է, այլև սովորեցնում է ստեղծագործել: Նա Լոս Անջելեսի «Նկարիչների միության» և «Գրողների միության» անդամ է:

Էլինա, ինչո՞ւ ընտրեցիք արվեստի այդ ճյուղը, արդյո՞ք այն ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն է տալիս:

– Սկսեսցի ստեղծագործել միքսմեդիայի ժանրում, քանի որ այստեղ ներկերից բացի օտագործվում են տարբեր նյութեր և առարկաներ: Այսինքն, շրջապատում գոյություն ունեցող ցանկացած առարկա կարելի է օգտագործել նոր աշխատանք ստեղծելու ժամանակ:

Abstract

Որտեղի՞ց ծնվեց այդ ժանրում ստեղծագործելու միտքը և ո՞րն էր առաջին գործը:

– Միջնեկ աղջկաս ծննդյան օրն ուզում էի ինչ-որ յուրօրինակ բան նվիրել նրան, որտեղ իր հետ կապված իրեր լինեին: Արդյունքում բավական գեղեցիկ լուծումներով գործ ստացվեց: Դրանից հետո սկսեցի այլ գործեր պատրաստել, այլ թեմաներով ստեղծագործել, տարբեր նյութեր համադրել: Այնուհետև սկսեցի նկարել: Ես շատ եմ սիրում աբստրակտ ժանրում ստեղծագործելը, քանի որ այդտեղ ավելի ազատ եմ ու անկաշկանդ: Իմ կարծիքով աբստրակտ գործերը դասական գործերից ավելի շատ ինֆորմացիա են փոխանցում:: Դասականի դեպքում մեկ ագամ նայում ես, հիանում և վերջ, իսկ աբստրակտ գործերին կարող ես անվերջ նայել ու նոր ասելիք գտնել:

Դուք աշխատում եք նաև կոշտ նյութերով՝ հատկապես ապակիով, մոզաիկ գործեր եք ստեղծում: Որպես կին կոշտ նյութերի հետ աշխատելը հե՞շտ է, թե՞ դժվար:

– Վերջին շրջանում սկսել եմ մոզաիկայով զբաղվել, որը նույնպես ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս: Այն թույլ է տալիս երևակայությանը տուրք տալով անվերջ նորանոր գործեր ստեղծել ու հիանալ ստեղծածով: Առանց ստեղծագործելու անգամ մեկ օր չեմ կարող ապրել: Դա իմ կյանքի իմաստն է, որտեղ ես ճախրում եմ անսահմանության մեջ ու հիանում գեղեցիկով: Ստեղծագործելն ինձ համար մեդիտացիայի նման մի բան է, որն օգնում է հեռանալ առօրյա հոգսերից, լիցքավորվել և հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող դժվարությունները:

Իսկ Հայաստանում ստեղծագործո՞ւմ էիք:

– Այո, բայց Հայաստանում ավելի կենցաղային բնույթի գործերով էի զբաղվում, կարում էի, գործում: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծագորելու հնարավորություններն այնքան շատ են, որ դրանից չօգտվել ուղղակի հնարավոր չէ:

Դժվա՞ր է ապրել Հայաստանից հեռու, կարոտո՞ւմ եք Հայաստանը, թե ստեղծագործելիս հայրենիքի կարոտը շաղախում եք տվյալ պահի ապրումների մեջ ու այդկերպ փորձում եք մեղմել այն:

– Դա ամենացավոտ հարցն է, քանի որ ինձ համար շատ դժվար է Հայաստանից հեռու ապրելը: Ես ամեն օր մտքով տեղափոխվում եմ Հայաստան, իմ ողջ օրն անցնում է Հայաստանից ստացվող լուրերով, ցանկացած մանրուքի մասին ուզում եմ մանրամասն տեղեկանալ: Իմ կարծիքով, այստեղ ապրող հայերի կեսից ավելին նույն ապրումներով են իրենց օրը սկսում ու ավարտում: Մենք միայն ֆիզիկապես ենք Հայաստանից դուրս ապրում, մտքով միշտ Հայստանում ենք:

Ըստ իս՝ ստեղծագործող մարդը սովորական սպառող չէ և կենցաղային պահանջմունքներից բացի ունի նաև հոգևոր պահանջներ: ԱՄՆ-ում, որտեղ կենցաղը փոշեկուլի նման կլանում է մարդու ժամանակը, էությունը, արդյո՞ք հեշտ է հոգեկան սնունդ գտնելը, քանի որ այստեղ ամեն ինչ մի տեսակ խառնաշփոթի է նման:

– Կարող եմ ասել, որ այստեղ ավելի հեշտ է հոգևոր սնունդ գտնելը, քանի որ որևէ պարտադրանքներ ու սահմանափակումներ չկան: Նույնիսկ, կարող ես կյանքիդ բոլոր էտապներում թողնել այն ինչով զբաղվում ես և ցանկացած նոր ուղղություն ընտրել, սովորել ու զարգացնել այն: Նրանք, ովքեր ստեղծագործելով են գումար աշխատում, անշուշտ, մի փոքր բարդություններ ունեն, բայց ում համար ստեղծագործելը երկրորդ մասնագիտություն է, ավելի հեշտ է: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք վայելում են ստեղծագործելու հաճույքը և չեն մտածում դրանով գումար հայթայթելու մասին: Շատ եմ սիրում ստեղծագործություններս նվիրել նրանց, որոնք գնահատում են իմ արվեստը, դա ինձ մեծ բավականություն է պատճառում:

Այլազգիների հետ շփումները չե՞ն ազդում մտածելակերպի, ճաշակի վրա: Այլ կերպ ասած օտար ափերում հե՞շտ է հայ մնալը:

– Ես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ եմ աշխատում: Նրանք ասում են, որ Ամերիկայում ապրող շատ ազգեր հիմնականում ձուլվում են, իսկ հայերը կարողանում են պահպանել իրենց ինքնությունը, խոհանոցը, սովորույթները: Ամերիկացիներն, ի դեպ ավելի շատ են հարգում սեփական պատմությունն ու ազգությունը պահպանողներին: Հայերն ուր էլ գնան, միշտ պետք է հիշեն որ պետք է իրենց գենը պահպանեն ու չձուլվեն այլ ազգերի հետ: Մենք իրավունք չունենք մեր գենը մսխելու, որովհետև այն, իրոք, յուրահատուկ է: Պետք է ամեն ինչ անել հայ մնալու համար: Իմ կարծիքով դա ամենակարևոր բանն է, որը երբեք չի կարելի անտեսել: Ես չեմ կասկածում, որ հայ ազգը հարատևելու է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր հայ ավելի մոտ կանգնի իր արմատներին:

Զրույցի վերջում, որպես ամփոփում, ի՞նչ կհավելեք:

– Տարբեր երկրների շոուների ժամանակ երբ հայի անուն է հնչում ես հպարտության մեծ զգացում եմ ապրում, բայց հաջորդ վայրկյանին մեծ ցավ եմ ապրում, որ նրանք այլ երկիր են ներկայացնում: Նման դեպքերում ես միշտ տխրում եմ ու ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչու նրանք չպետք է մեր երկիրը ներկայացնեին: Ինչո՞ւ պետք է հայն ապրեր իր հայրենիքից հեռու, ինչո՞ւ պետք է սփռվեինք ողջ աշխարհով:

Գուցե, ինչ-որ տեղ պե՞տք էր, որ հայերն օտար ափերում ապրեին, դժվարությունների հանդիպեին, կոփվեին ու նոր շունչ առած կրկին հայրենիք վերադառնային, որպեսզի այլ կերպ արժևորեին մեր Հայրենիքը:

– Իմ և ամուսնուս մոտ էլ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն կա, բայց դժվարանում եմ ասել, թե երեխաներս ինչ որոշում կկայացնեն: Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ պետք է գուրգուրել հայրենիքն ու չվախենալ դժվարություններից: Այդպես են շատ երկրներ կայացել: Ես կասկած չունեմ, որ Հայաստանը ևս կհամալրի աշխարհի զարգացած երկրների թիվը: Հատկապես իշխանափոխությունից հետո բոլորս այդ հույսով ենք ապրում և ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հարցազրույցը վարեց՝ Արմինե Գրիգորյանը

ԱՄՆ, Լոս Անջելես, 2020 թ.

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Please enter your name here